Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Պետքարտուղարը սրտանց շնորհավորել է Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ին կայացած ընտրությունների կապակցությամբ:
Մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կարծիքով այս ընտրություններում հիմնականում հարգվել են ընտրողների հիմնարար իրավունքներն ու ազատությունները, իսկ մրցակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել: Պետքարտուղարը նաև հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները:
Բլինքենը նաև կարևորել է ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ներքո գործընթացին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը: Նա հորդորել է Հայաստանին կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել ԵԱՀԿ-ի շրջանակում:
՛՛Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանից բոլոր հայ կալանավորվածներին շուտափույթ Հայաստան վերադարձնելուն՛՛,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը, տեղեկացնում է Ամերիկայի ձայնը: