Ղազախստանը եկող տարի կդառնա ԱՊՀ-ի մասնակից երկրների Միջպետական բանկի Խորհրդի նախագահ: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել է Ղազախստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով Խորհրդի 63-րդ նիստի արդյունքները:
«Նիստի ընթացքում կայացել է 2022 թվականին բանկի Խորհրդում նախագահող կողմի ընտրություն: Քվեարկության արդյունքներով միաձայն որոշմամբ Միջպետական բանկի Խորհրդում նախագահության իրավունքը փոխանցվել է Ղազախստանի բանկին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:
Նրանք քննարկել են 2021 թվականի առաջն կիսամյակում Միջպետական բանկի գործունեության արդունքները եւ բյուջեի կատարումը, հաստատել են բանկի՝ 2022 թվականի բյուջեն, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել ֆինանսական ինստիտուտի աշխատանքի հիմնական ուղղությունների շուրջը: Միջպետական բանկի Խորհրդի հերթական նիստը պլանավորվում է անցկացնել 2022 թվականի գարնանը:
Միջպետական բանկը հիմնադրվել է 1993 թվականին, այն ԱՊՀ-ի երկրների միջազգային հաշվարկային եւ վարկա-ֆինանսական հիմնարկությունն է: Դրա ներկայացուցչությունները գտնվում են Հայաստանում, Բելառուսում, եւ Ղրղզստանում:
Բանկի հիմնադիրներն են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի կառավարությունները եւ կենտրոնական բանկերը: Ղազախստանյան կողմը եկող տարի կնախագահի նաեւ ԱՊՀ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: