Տղամարդու պես նստիր ու նախագահությունդ արա. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին
30.09.16 | 17:57
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խիստ քննադատության է ենթարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Լոզանի պայմանագիրը ոչ թե Թուրքիայի հաղթանակ, այլ կորուստ որակելու համար: Այս մասին գրում է imc-tv.net-ը:
«Դու ո՞վ ես, որ այսպես ես խոսում: Ի՞նչ իրավունք ունես, ոչ ոք իրավունք չունի դավաճանելու պատմությանը: Եթե դու նախագահ ես, նստիր ու տղամարդավարի նախագահությունդ արա: Պատմություն չգիտես, պատմաբան կանչիր, խոսիր: Այսօր եթե նախագահի աթոռին ես, հանրապետության շնորհիվ է, Լոզանի շնորհիվ է», - ասել է Քըլըչդարօղլուն:
Ի դեպ, Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը ներկայում գլխավորում է Քըլըչդարօղլուն, հիմնադրվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրք) կողմից:
Նախօրեին Լոզանի պայմանագրի վերաբերյալ Էրդողանի ելույթը տարատեսակ քննադատությունների է արժանացել Թուրքիայում:
Էրդողանը, մասնավորապես, նշել էր. «Ոմանք փորձում են Լոզանի պայմանագիրը մեզ ներկայացնել որպես հաղթանակ: Էգեյան ծովի կղզիները Լոզանի ժամանակ տվեցինք, դա հաղթանա՞կ է: Դրանից առաջացած խնդիրներն էլ այսօր մենք ենք մեր ուսերին տանում»:
Շատերը սոցցանցերում ծաղրել են Էրդողանին պատմություն չիմանալու համար և նշել, որ Էգեյան ծովի հունական կղզիները Թուրքիան կորցրել է ոչ թե Լոզանի ժամանակ, այլ դեռևս 1913-ին: