Պարտությունների շարանը շարունակվում է. Հայաստանում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում. Սեյրան Օհանյան
17.01.22 | 12:08
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ իրենց քաղաքական ուժը չի պնդում, թե խաղաղության չի ձգտում, չի պնդում, թե հարևանների հետ սահմանները պետք չէ ճշգրտել, սակայն դրա համար համապատասխան պայմաններ դեռևս չեն տեսնում:
«Անկասկած, Հայաստանում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Հարցն ընդգրկելով օրակարգ, բացի նրանից, որ հիմնախնդիրները կարող ենք քննարկել, նաև հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել և քննարկել այսօր սահմանում տիրող իրավիճակը», - «Սահմանագծման և սահմանզատման հիմնախնդիրների մասին» հայտարարության իրենց նախագիծը օրակարգ ընդգրկելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Օհանյանը՝ նշելով, թե գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը անընդունելի է համարում:
«44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո պարտությունների շարանը շարունակվում է ու այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակին, որը տիրում է այս սահմաններում: Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ մեկ օր սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների, այսինքն, հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն, առաջին նախապայմանը դա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ և այդ շրջանակում իրականացվի սահմանազատումն ու սահմանագծումը: Էլ չեմ ասում, որ ՀՀ սահմաններում տիրող իրավիճակն առանց մտածելու զորքերը պատերազմից հետո հետ քաշելու պայմաններն են», - հայտարարեց Օհանյանը:
Նրա խոսքով՝ «Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ այդ միջոցառումները ժամանակավրեպ են և լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը, մեծ քար կնետվի նաև իր իսկ պատմական տարածքում Արցախի ինքնորոշման հնարավորությունների վրա:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանն էլ հիշեցրեց, որ հայտարարության նախագիծը նոր չէ, այն մեկ անգամ արդեն ԱԺ լիագումար նիստերի դահլիճում մերժվել է, ապա կրկին բերվել է:
Քվեարկությամբ հայտարարարության նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստի օրակարգ՝ ստանալով 33 կողմ, 64 դեմ ձայն:v