Հակառուսական պատժամիջոցներն առանձնանալու են որոշակի ֆրագմենտարությամբ, և ինչ վերաբերում է հատկապես նավթագազային ոլորտին
28.02.22 | 20:52
Ինչպես կանխատեսում էի, հակառուսական պատժամիջոցներն առանձնանալու են որոշակի ֆրագմենտարությամբ, և ինչ վերաբերում է հատկապես նավթագազային ոլորտին, Արևմուտքը շրջանցող ուղիներ է փնտրելու:
Այսպես, այսօր Սպիտակ տունը հայտարարություն տարածեց այն մասին, որ հատուկ լեցենզիա կտրամադրի Ռուսաստանից էներգակիրների մատակարարումն ապահովող որոշ տրանզակցիաների համար:
Վերջին տարիներին ԱՄՆ-ն մեծ ծավալով նավթամթերք է ներկրել Ռուսաստանից, ինչը շարունակելու է անել նաև առաջիկայում: Նշեմ միայն, որ 2021 թ. հունվար-մայիսին Ռուսաստանից ԱՄՆ արտահանվող հանքային վառելիքի ու նավթամթերքի ծավալն ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 78%-ով՝ $3,8 մլրդ-ից հասնելով $6,7 մլրդ-ի:
Այսպիսով, այժմ ԱՄՆ շուկայում Ռուսաստանը Կանադայից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը՝ հետևում թողնելով անգամ Սաուդյան Արաբիային ու Մեքսիկային:
Այսպիսի վիճակագրությունը բացատրվում է նրանով, որ Վենեսուելայից ՛՛ծանր նավթի՛՛ ներկրման դադարեցման պայմաններում ամերիկյան նավթավերամշակման գործարանները ստիպված էին այլընտրանքային մատակարարների փնտրել, քանի որ դրանց մեծ մասը ի վիճակի չէին (և այսօր էլ ի վիճակի չեն) ՛՛թեթև նավթի՛՛ տեսակներ վերամշակել՝ հատկապես ջերմային էներգիա արտադրելու համար: Իսկ ՛՛ծանր նավթի՛՛ շուկայում Ռուսաստանը աշխարհի առաջատարներից է: