Ազգային ժողովում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի ընտրության հարցը։
ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցերով դիմեց ԿԸՀ նախագահի թեկնածու, ներկայիս նախագահ Տիգրան Մուկուչյանին.
«Դուք Ձեր ելույթում նշեցիք, որ կա հանրային անվստահություն ընտրական գործընթացների նկատմամբ, և այդ վստահության բարձրացման խնդիր է դնում նաև ԿԸՀ-ն։ Մինչ Ձեզ և Ձեր տարիներին այդ անվստահությունն ավելի է մեծացել, այդ ինստիտուտը վստահություն չի ներշնչում ժողովրդի մոտ։
Տպավորություն կա, որ ԿԸՀ-ում ընտրությունների արդյունքները հնարավոր է լինում ինչ-որ ձևով փոխել և բավարարել իշխող կուսակցությանը։ Դուք՝ որպես ԿԸՀ նախագահ, համարո՞ւմ եք, որ Ձեր գործառույթը մինչև վերջ ազնվորեն կատարում եք։ Ի՞նչն է պակասում, որ Ձեզ վրա ինչ-որ ճնշումներ չգործադրեն, որովհետև ավելի քան վստահ եմ, որ, եթե Դուք անկաշկանդ գործեիք, միգուցե ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ մենք ունենայինք այլ արդյունքներ։ Ի՞նչ եք Դուք պատրաստվում անել, որ Ձեր կախվածությունը թուլացնեք իշխող ուժից»։
Ի պատասխան՝ Տ. Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ-ի և նրա նախագահի նկատամամբ միակ ճնշումն օրենքով ամրագրված նորմերի ճնշումն է, որով սահմանվել են այն շրջանակները, որոնցում պետք է իրականացվի այս գործառույթը։ Նրա խոսքով՝ որևէ այլ ճնշման մասին խոսք գնալ չի կարող։
«Հանրային վստահության բարձրացման առումով թիվ մեկ խնդիրը լիակատար թափանցիկության ապահովումն է։ Հանրային վստահության բարձրացման առումով գուցե աշխատանք տարվել է, բայց գուցե պետք է ավելի հրապարակային դարձվի այդ գործընթացը, գուցե պետք է գտնվեն ավելի նոր մեխանիզմներ առավելագույն թափանցիկությունն ապահովելու համար։ Մենք խոսում ենք հանրային վստահության մասին՝ ասելով, որ այն նվազել է, ես, անկեղծ, այդ կարծիքին չեմ, իմ կարծիքով՝ գնալով ավելացել է, ոչ թե նվազել, և դա արդյունքն է այն մեխանիզմների, որոնք կյանքի ենք կոչել»,- նշեց Տ. Մուկուչյանը։