Կոսովոյի խորհրդարանն ընդունել է բանաձեւը, որով կառավարությանը կոչ է արվում բանակցություններ սկսել ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ, հաղորդում է Reuters-ը։
«Կոսովոյի խորհրդարանը կառավարությանը խնդրում է միջազգային գործընկերների հետ համաձայնեցված անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդին եւ այլ միջազգային կազմակերպությունների անդամակցելու հայտ ներկայացնելու համար»,- ասվում է բանաձեւում։
Սերբական փոքրամասնության պատգամավորները բոյկոտել են նստաշրջանը։
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ասել է, որ իր կաբինետը կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար՝ նախ միանալով Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին, որը խրախուսում է երկկողմ համագործակցությունը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների հետ։
Պատգամավորները, որոնց ձեռքին եղել են Ուկրաինայի դրոշ եւ «Մենք Ուկրաինայի կողքին ենք» գրությամբ պաստառներ, նույնպես քվեարկել են Ռուսաստանի ներխուժումը դատապարտելու օգտին։