«2015 թվականի էլեկտրաէներգիայի սակագների դեմ քաղաքացիական հուժկու ընդվզումն ո՞ւմ էր մերժում. Այն, որ ՀՀԿ-ին ասում էր՝ ես չեմ ուզում ձեզ հետ խոսեմ, հասկանալի էր, որովհետև իշխանությունների դեմ էր, բայց զարմանալի էր, որ նրանք մերժում էին նաև ընդդիմադիր կուսակցություններին»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ եթե քաղաքացիական հասարակությունն ընդդիմադիր կուսակցություններին էր ասում՝ «ոչ, չգաք մեզ հետ չկանգնեք», ի՞նչ կապ ունի այստեղ ՀՀԿ-ն։
«Ես կարծում եմ, այստեղ Նիկոլ Փաշինյանի որոշ խոսքերի հետ պետք է համաձայնել, այն, որ մեզանում քաղաքական համակարգը չի կայանում, մեծ իմաստով պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան՝ քաղաքական մեծամասնության վարքով և բարքով, որքան մեր ընդդիմության ինստիտուցիոնալ կայանալու անկարողությամբ։ Թող ներեն ինձ, բայց ես այդ կարծիքին եմ, ես չեմ տեսնում գաղափարական հենք մեր ընդդիմադիր կուսակցությունների մոտ, պայքարի միակ թեզն իշխանափոխությունն է։ Նրանք այնպիսի խոստումներ են տալիս մեր հանրությանը, որոնք անիրականանալի են, և ընտրությունից ընտրություն հիասթափեցնում են հանրությանը։ Այո, գուցե և արդարացի դժգոհ են ՀՀԿ-ից, բայց եթե խոսքը գնում է վստահելու մասին, այդուհանդերձ, վստահում են ՀՀԿ-ին, ընդդիմությանը հաստատ չեն վստահում»,- նշեց Խ. Հարությունյանը։