Ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի մեքենայի պայթյունը սադրանք է. Վրաստանի վարչապետ
05.10.16 | 12:29
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Թբիլիսիի կենտրոնում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիվի Թարգամաձեի ավտոմեքենայի պայթյունը սադրանք է անվանել, «որը պլանավորել են Վրաստանի թշնամիները»՝ երկրում հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իրավիճակն ապակայունացնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Արդեն սկսվել է հետաքննություն, և տարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին ձերբակալելու համար: Այդ ծանրագույն հանցագործությունը կարող է բխել միայն այն ուժի շահերից, որը չի կարող հաշտվել մեր երկրում ազատ և հանգիստ ընտրական միջավայրի հետ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
«Ես ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր պլանավորել և իրականացրել են այդ սադրանքը. դուք անպայման պատասխան կտաք օրենքի ողջ խստությամբ: Ոչ մի հանցագործի չի կարողանա պաշտպանել անձեռնմխելիությունը կամ մեկ այլ երկրի քաղաքացիությունը»,- հավելել է նա:
Ներքին գործերի նախարարությունն այժմ հետաքննում է միջադեպը:
Պատգամավորի ավտոմեքենան պայթեցվել է երեքշաբթի Թբիլիսիի կենտրոնում: Թարգամաձեն և մեքենայում գտնվող նրա վարորդը ստացել են աննշան վնասվածքներ, սակայն Առողջապահության նախարարության տվյալներով, չորս անցորդ վնասվածք է ստացել: Պայթյունի հետևանքով վնասվել է նաև մոտակայքում գտնվող մոտ 10 մեքենա:
Թարգամաձեն, պատմելով տեղի ունեցածի մանրամասները, վստահություն է հայտնել, որ պայթյունը տեղի է ունեցել հեռակառավարման վահանակի միջոցով՝ պատգամավորի ավտոմեքենային հետևող մեքենայի միջից: Պատգամավորը կարծում է, որ պայթյունի կազմակերպիչները կարող էին լինել իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչներ: