Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 31-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին:
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև՝ վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների աջակցությանն ուղղված հնարավոր աշխատանքներ:
Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման և ազգային հաստատությունների դերի ամրապնդման հարցում:
Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է Արցախում տիրող իրադրությանը՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված անձանց առջև ծառացած սոցիալական մարտահրավերները: Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ Արցախում ապրող 100 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, ըստ էության, զրկված են Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային բոլոր երաշխիքներից, մինչդեռ տարածքի քաղաքական կարգավիճակը չի կարող ազդեցություն ունենալ մարդու իրավունքների վրա:
Ընդգծելով ցանցի հետ առկա համագործակցության բարձր մակարդակը՝ Քրիստինե Գրիգորյանը գործընկերների ուշադրությանն է հրավիրել նոր մարտահրավերներով պայմանավորված առաջնահերթություններով համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը: