Ջազի սիրահարները սակավ հնարավորություն ունեն Հայաստանում ջազը վայելելու
02.05.16 | 11:27
2012 թվականից ապրիլի 30-ը աշխարհում նշվում է, որպես ջազի միջազգային օր: Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար, երգեհոնահար ԳԱՐԻ ՔԵՍԱՅԱՆԸ, ով կարծում է, որ Հայաստանում ջազի մոնոպոլիա է, մաս չկազմելով այդ մոնոպոլիային, լուռ` բայց խոսուն անում է իր աշխատանքը, որը ջազի սիրահարներին հասանելի է դառնում համերգների եւ ձայնասկավառակների միջոցով: Երկար տարիներ ԱՄՆ-ում բնակվելուց ու օտարերկրացիներին հայկական ջազի հնչյունները հարազատ դարձնելուց հետո վճռեց ` վերադառնալ Հայաստան:
«Այո, համոզված եմ` պիտի ծառայեմ հայ ժողովրդին իմ երաժշտությամբ, այն Աստված ինձ պարգեւել է իմ ժողովրդի համար: Միացյալ Նահանգներում համերգներին չինացիներ, ճապոնացիներ, իտալացիներ, հոլանդացիներ էին գալիս, լսում, հուզվում եւ ապրում էին այդ երաժշտությունով, եւ ինքս ինձ ասացի` ինչու պիտի իմ ժողովուրդը չլսի այդ երաժշտությունը, ու վերադարձա Հայաստան»,- նշեց երաժիշտը:
Եվ, իրոք, տեղին էր նրա վերադարձը, ինչը վկայում են մենահամերգները իր իսկ ստեղծած բենդի հետ, որոնք ընթանում են լեփ-լեցուն համերգասրահներով, քանի որ ջազի սիրահարները սակավ հնարավորություն ունեն Հայաստանում ջազը վայելելու:
«Այս համերգով ուզում էինք ասել, որ հայ ազգի ստեղծագործ ոգին անկոտրում է, եւ պետք է ապրել, առաջ գնալ ու ապացուցել, որ մեզ թնդանոթներով չեն վախեցնի»,- Գարի Քեսայանը: