ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ հարցին, թե խմբակցությունում կոնսենսուս կա՞ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցի շուրջ։
«Խմբակցությունում նման քննարկում կա, այդ քննարկումները ծնվել են հանրային պահանջից, որովհետև բազմաթիվ քաղաքացիներ, տեսնելով ընդդիմության վարքագիծը և տեսնելով, թե ինչպես են ընդդիմադիրներն օգտագործում պատգամավորական մանդատը, նման պահանջ են ներկայացրել։ Եվ խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր կարծիքներ ունեն։ Քննարկումներ կան, այո, որոշում չկա։ Բայց մենք մշտապես բոլոր հարցերը, որոնք բխում են հանրային պահանջից, քննարկում ենք»,- ասաց նա։
ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն անդրադարձավ հարցին, թե քննարկվո՞ւմ են նաև ԱԺ հանձնաժողովների ընդդիմադիր նախագահներին և ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակին պաշտոնից հետ կանչելու հարցերը։ «Օրինակ՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն է։ Արդեն որերորդ հանձնաժողովի նիստն ենք անցկացնում առանց նախագահի։ Եվ, այո, հանձնաժողովում քննարկվել է նման հարց։ Բայց դա խմբակցության որոշումն է, դեռ խմբակցությանը չի ներկայացվել և չի քննարկվել»,- ասաց նա։