Այսօրվա անկախության համար մենք չափազանց թանկ գին ենք վճարել և բարոյական իրավունք չունենք ընկրկելու
23.08.22 | 12:28
Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
սրտանց շնորհավորում եմ Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առթիվ: 32 տարի առաջ հենց այս օրը դրվեց մեր պետության՝ դեպի բաղձալի անկախություն տանող ճանապարհի սկիզբը:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունված հռչակագրով տրվեց անկախ պետականություն ու հայրենիք ունենալու մեր ժողովրդի երազանքի իրագործման մեկնարկը, իսկ արդեն 1991 թվականի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվեի ժամանակ համայն հայ ժողովուրդը «ԱՅՈ» ասաց և դրեց մեր նորանկախ պետության հիմքը:
Այս տասնամյակների ընթացքում բազմաթիվ փորձություններ հաղթահարելով, ցավոք այսօր էլ մեր պետությունը կանգնած է փորձությունների առաջ, որոնք կարող ենք հաղթահարել բացառապես համընդհանուր միասնականությամբ ու ազգային համախմբվածությամբ:
Այսօրվա անկախության համար մենք չափազանց թանկ գին ենք վճարել և բարոյական իրավունք չունենք ընկրկելու մեր անկախ պետականության ամբողջականությունը պահպանելու մեզ ժառանգած պարտականությունից: Վստահ եմ, որ ազգային համախմբվածությամբ ու միասնականությամբ մենք դիմանալու ենք բոլոր դժվարություններին, փորձություններին ու հարվածներին և միահամուռ ջանքերով ստեղծելու ենք ուժեղ, զարգացող, համերաշխ, բարգավաճող ու ժամանակակից Հայաստան: Սա հավասարապես բոլորորիս ու յուրաքանչյուրիս պարտքն է և անելիք ունենք բոլորս:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս: