Կարեն Կարապետյանը դիմել է Դմիտրի Մեդվեդևին՝ ավտոբուսի վթարից տուժածների մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար
14.10.16 | 13:57
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նամակով դիմել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:
Տեղում աշխատանքները կազմակերպելու համար այսօր ՌԴ են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Ռուսաստանում կապն ապահովում և աշխատանքը համակարգում է ՌԴ-ում ՀՀ ԱԻ նախարարության ներկայացուցիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանը: ՌԴ ԱԻՆ օդանավը Մոսկվայից կուղևորվի Բեսլան, այնուհետև` Երևան:
Օդանավի թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի լրացուցիչ: