Այսօր Հայկական ժամանակի կայքում՝ armtimes.com-ում մի լուր հրապարակվեց «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերնագրով: «Հայկական ժամանակ»-ի հավաստի աղբյուրների համաձայն, Բրյուսովի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում գործ է քննվում իրավապահ մարմիններում. «Նա 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, 10-ից ավելի ուսանողների անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ՝ վերցրել մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ եղել են դեպքեր, երբ համալսարանի որոշ ուսանողներ բացակայել են երկրից, սակայն նրանց բացակաները չեն գրանցվել, քննությունների համար ստացել են միավորներ, փոխադրվել հաջորդ կուրս, վերցրել դիպլոմներ»,-մասնավորապես գրված է հրապարակման մեջ։ Տեղեկության իսկությունը պարզելու համար փորձեցինք կապ հաստատել Կարինե Հարությունյանի հետ, բայց նա մեր զանգերին չպատասխանեց։
Քիչ առաջ համալսարանի մամլո ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ մասնավորապես նշված է
«Հայկական ժամանակի» դեկտեմբերի 7-ին հրապարակած «Բրյուսովի ռեկտորը մի շարք չարաշահումներ է թույլ տվել. մեծ վնասեր են հասցվել կրթական հաստատությանը» վերտառությամբ հոդվածում խեղաթյուրված փաստեր են ներկայացվա
Հոդվածը նպատակային պատրաստված և հատուկ հրապարակված է բուհի ռեկտորի ընտրությանն ընդառաջ, որը պետք է տեղի ունենա ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը իրականացրել է ստուգումներ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում և ստուգման արդյունքների մասին տեղեկանքը համալսարանը դեռևս պաշտոնապես չի ստացել։ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ստուգումների արդյունքների մասին տեղականքը ստանալուց հետո, համաձայն կարգի, մենք 5-օրյա ժամկետում կտանք համալսարանի կարծիքը և մանրամասն կանդրադառնանք յուրաքանչյուր կետի։
Ռեկտորի ընտրության նախաշեմին հատուկ ուղղորդված և սխալ տեղեկություններ են տրամադրվել: Գտնում ենք, որ այս ընթացքում ռեկտորը ֆինանսական չարաշահումներ թույլ չի տվել, և սա նպատակադրված քայլ է՝ ընտրություններին ընդառաջ բացասական իմիջ ստեղծելու գործող ռեկտոր Կարինե Հարությունյանի անձի շուրջ:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան