Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 7-ին
17.10.16 | 11:09
Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 7-ին, գրում է «Ակօս»-ը:
Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կայացած դատական լսումների ժամանակ հարցաքննվել են Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ալի Ֆուաթ Յըլմազերն ու հետախուզության շտաբի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, Տրապիզոնի ոստիկանության հետախուզության բաժնի ներկայիս ղեկավարի օգնական Հասան Դուրմուշօղլուն, ինչպես նաև այժմ Թուրքիայի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար, Տրապիզոնի հետախուզական շտաբի նախկին պետ Էնգին Դինչը:
Դինքի ընտանիքի փաստաբանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարցաքննվել է Օգյուն Սամասթը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյությում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:
Ավելի ուշ համացանցում տարածվեց ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:
Նշենք, որ տեսանյութերում երևացող անձինք, որոնք փաստացի արդեն մեղադրվում են Դինքի սպանության գլխավոր պատասխանատուն լինելու համար, կասկածվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի և հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու համար:
Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: