Hetq.am-ը գրում է. «2022թ․ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ ստեղծվեց ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), որի կազմում են ոստիկանությունը, փրկարար ծառայությունն ու Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը։
Նորաստեղծ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչները նոր մարդիկ չեն եւ մշտապես բարձր պաշտոններ են զբաղեցրել ուժային կառույցներում կամ այլ գերատեսչություններում, եւ որպես բարձրաստիճան պաշտոնյաներ ներկայացրել են գույքի եւ եկամուտների հայտարարագիր։ Այսօր կներկայացնենք, թե ինչ է հայտարարագրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Կամո Ցուցուլյանը, որը մինչեւ այդ զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը։
Վարչապետի 2023թ․ հունվարի 9-ի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ։
Որպես ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է գույքի եւ եկամուտների հայտարարագիր, ամենավերջինը՝ 2021թ․ տարեկան հայտարարագիրն է։
Իջեւանցի Կամո Ցուցուլյանը հայտարարագել է 6 միավոր անշարժ գույք Տավուշի մարզում․
համատեղ սեփականության իրավունքով բնակարան Իջեւան համայնքում, որը նա որպես ժառանգություն ստացել է 2013 թվականին,
բնակելի տուն՝ Աչաջուր գյուղում, որը կրկին որպես ժառանգություն՝ ստացել է 2014 թվականին,
2 հողամաս, մեկը՝ Իջեւանում, մյուսը՝ Գանձաքար գյուղում, որը Կամո Ցուցուլյանը գնել է համապատասխանաբար 2014 եւ 2019 թվականներին։ Իջեւանի հողամասը 2021-ի տարեվերջում այլեւս առկա չի եղել, Ցուցուլյանը այն նվիրաբերել է իր կնոջը։
հասարակական նշանակության շինություն՝ Գանձաքար գյուղում՝ գնված 2019 թվականին։
հասարակական նշանակության շինություն՝ Իջեւանում, որը որպես ժառանգություն ստացել է 2017 թվականին։
Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը 2021 թվականին հայտարարգրել է 14 միլիոն դրամ եւ 27 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ինչպես նաեւ 8,4 միլիոն դրամ աշխատավարձ։
Կամո Ցուցուլյանը տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, բանկային ավանդներ եւ չորս միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի հայտարարգրել։
Կամո Ցուցուլյանի կինը՝ Աշխեն Մարգարյանը, հայտարարագրել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա՝ ձեռք բերված 2021 թվականին, հողամաս, որը նվիրատվություն է ստացել ամուսնուց, 2 միլիոն դրամ կանխիկ գումար, ինչպես նաեւ 1 մլն 152 հազար դրամ աշխատավարձ՝ «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ից, որտեղ Աշխեն Մարգարյանը զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։
Ի դեպ, «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ի 67 տոկոս բաժնեմասը պատկանում է Կամո Ցուցուլյանին։ Հարկ է նշել, որ Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը թաքցրել է եւ չի հայտարարագրել բիզնեսի իր բաժնեմասը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը գործունեություն է ծավալում անշարժ գույքի շուկայում»։