Քառորդ դարի ընթացքում առաջին անգամ աշխարհում նկատվում է ծայրահեղ աղքատության եւ ծայրահեղ հարստության միաժամանակյա աճ։ Կորպորացիաները եւ դրանց տերերը շահ են կորզում տարբեր ճգնաժամերից։ Այս մասին է վկայում Oxfam բարեգործական կազմակերպությունների միավորման ամենամյա զեկույցը, որը հրապարակվել է երկուշաբթի՝ հունվարի 16-ին, Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի առաջին օրը։
Զեկույցում, որը վերնագրված է «Ամենահարուստները ողջ են մնում», նշվել է, որ ընդհանուր առմամբ 26 տրլն ԱՄՆ դոլար կամ համաշխարհային հարստության մոտ 62 տոկոսը, որը կուտակվել է 2020թ.՝ COVID-19 համավարակի ճգնաժամի ժամանակ, հայտնվել է մոլորակի 1 տոկոս ամենահարուստ մարդկանց ձեռքում, այն դեպքում, երբ բնակչության մնացած 99 տոկոսին բաժին է ընկել ընդամենը 16 տրլն դոլար կամ այդ աճի 38 տոկոսը։
Մեկ տարի առաջ միլիարդատերերի հարստությունը նորից ավելացել էր՝ շնորհիվ «պարենային եւ էներգետիկ ընկերությունների շահույթի սրընթաց աճի»։ Oxfam-ի տվյալներով՝ այդ ընկերությունների 95 տոկոսը 2022թ. ավելի քան կրկնապատկել է շահույթը։
Միաժամանակ, առնվազն 1,7 մլրդ աշխատողներ ապրում են այն երկրներում, որտեղ գնաճը ներկայում առաջ է անցել աշխատավարձի աճի տեմպերից, նշվել է զեկույցում։ Ավելի քան 820 մլն մարդ կամ Երկիր մոլորակի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ տառապում է քաղցից։ Ընդ որում՝ աշխարհի սովյալ բնակչության մոտ 60 տոկոսը կանայք եւ աղջիկներ են։
Սա, հավանաբար, գլոբալ անհավասարության եւ աղքատության ամենամեծ աճն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, գրել է կազմակերպությունը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները։ Oxfam-ը ամբողջ աշխարհի երկրների կառավարություններին կոչ է արել բարձրացնել հարստության, ինչպես նաեւ «չափից ավելի գերշահույթի հարկերը՝ կորոնավիրուսի համավարակի եւ գնաճի հետեւանքով, որպեսզի կանգնեցվի աղքատության եւ սովի տարածումը։