Թեզը, թե ադրբեջանցիների հետ համակեցությունն անհնարին է, առաջ են տանում Հայաստանում ներքին քաղաքական օրակարգ սպասարկող մարդիկ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Երկրի ներսում սպասարկվող թեզերից մեկն այն է, որ արցախցիները չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ, բայց այդ թեզերը միայն ներքին քաղաքական օրակարգը պղտորելու նյութեր են։ Իհարկե, հնարավոր է ապրել ադրբեջանցիների հետ, որովհետեւ մենք հարցը չենք դիտարկում իրար ոչնչացնելու տեսանկյունից, որովհետեւ իրար ոչնչացնելու տեսանկյունից մենք մեր ծայրահեղ գործիքակազն ենք կիրառում, իրենք՝ իրենց։ Իսկ խնդիրը պետք է լուծել, ոչ թե սրել։ Արցախում մեր հայրենակիցներն ապրում են 2000 տարի, եւ ես հույս ունեմ, որ եւս այդքան կապրեն։ Հայաստանից իրենց ոտքի տակը չպետք է խարխլենք, վերջում էլ մեր «պսեւդոհայրենասերները» ասելու են՝ չեք կարողանալու ապրեք, դուրս եկեք, եկեք Հայաստան։ Եվ հետո էլ այդ մարդկանց ուղղելու են դեպի Հայաստանի կառավարությունը, որ այդ ալիքի հիման վրա կարողանան ձեռք գցել իշխանությանը»,- ասաց Արսենյանը:
Գուրգեն Արսենյանի կարծիքով՝ Արցախի հակամարտությունը մոտ 30 տարի գտնվում էր տաք կամ սառը փուլում, դրանով զբաղվում էին միջազգային հանրության ներկայացուցիչները, սակայն այն չլուծվեց բանակցությունների սեղանի շուրջ: Արցախի հարցը լուծվեց ռազմական ճանապարհով:
«Արցախի հարցը լուծված չէր այն պահին, երբ որ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ կանգնած էին հայկական զորամիավորումները: Հիմա, Արցախի ողջ երկայնքով կանգնած են ադրբեջանական զորամիավորումները: Արցախի հարց կոչեցյալը լուծվել է։ Մնացածը տեխնիկական պրոցես է, որը կընթանա: Այդ ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կլինի, վերջում իրենք կգան մի ձեւաչափի, որը երկու կողմին կբավարարի: Ամեն մեկն էլի դժգոհ կմնան, բայց ինչ-որ մի ալգորիթմի կգան, որի շուրջ իրենք կկարողանան ապրել արդեն, որովհետեւ մնացած բոլոր սցենարներով՝ դա նշանակում է՝ Արցախի հայաթափում, տեղափոխում այլ հատված։ Մենք դրան դեմ ենք, եւ դեմ է նաեւ Ադրբեջանի իշխանությունը, ինչի մասին բազմիցս ասել է»,- ընդգծեց Արսենյան։