Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ. ամերիկացի վերլուծաբան
19.10.16 | 17:42
Հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի (The American Enterprise Institute) հանդեսի նոր համարում տեղ գտած Թուրքիայի մասին հերթական աղմկահարույց հոդվածում նշել է, որ Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ: Սա ավելի խորը պառակտվածություն է, քան (Թուրքիայի նախկին վարչապետ) Ադնան Մենդերեսի կամ 1970-ականների շրջանում եղածը: Թուրքիայում Էրդողանին աջակցողների թիվն ամենաշատը 50 տոկոս է: Էրդողանը կարծում է, թե մյուսներին էլ կարող է վախեցնել առանց երկրում խաղաղության և կայունության ապահովման: Սակայն նա սխալվում է»,-գրում է Ռուբինը։
Նա նշում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր կառավարման այս ոճով այլախոհներին մեկուսացնելուց բացի ուրիշ ոչինչ չի անում:
«Տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալում է, աշխատանքից ազատում, թողնում առանց գումարի, իր պես չմտածող բոլորին մատնում է հուսահատության: Այս ամենի հետ մեկտեղ քրդական հարցը տեղից չի շարժվում», - գրել է Ռուբինը:
Իր նախորդ հոդվածներից մեկում Ռուբինն Էրդողանին անվանել էր «քայլող դիակ» և հայտարարել, որ հաջորդ հեղաշրջման պարագայում Էրդողանը կարող է ողջ դուրս չգալ այդ պատմությունից:
Մայքլ Ռուբինը բազմիցս հայտնել է Թուրքիայում հեղաշրջման փորձի վերաբերյալ իր տեսակետը, ըստ որի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձն Էրդողանի կողմից բեմադրված թատերական ներկայացում էր:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: