Արցախի չճանաչված պետությունն իր նախապատերազմյան սահմաններով կարևոր էր Հարավային Կովկասում ռուսական և իրանական շահերի տեսանկյունից կայունությունն ապահովելու համար
11.03.23 | 15:52
Արցախի չճանաչված պետությունն իր նախապատերազմյան սահմաններով կարևոր էր Հարավային Կովկասում ռուսական և իրանական շահերի տեսանկյունից կայունությունն ապահովելու համար: Բավական է նայել քարտեզին և կհամոզվեք ասածիս մեջ: 2020 թ. պատերազմը, Հայաստանի պարտությունն ու Արցախի անդամահատումը սկզբնավորեցին Իրանի հյուսիսային սահմաններին երկրի դեմ ուղղված թշնամական իսրայելա-ադրբեջանական կոալիցիայի գործողություններին և ադրեբաջանական սեպարատիզմի աշխուժացմանը: Թեհրանը ճակատագրական սխալ թույլ տվեց, պահպանելով իներտ չեզոքություն, պաշտոնապես թմբկահարելով Ադրբեջանի տխրահռչակ տարածքային ամբողջականության թեզը և շնորհավորեց Բաքվի հաղթանակը: Մոսկվան էլ չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները, հայկական շահերի հաշվին գնաց Թուրքիայի հետ համագործակցության, ակնկալելով
լուրջ օգուտներ քաղել սիրիական և ուկրաինական ճակատներում: Չեմ ժխտում, որ Թուրքիայի չմիանալը պատժամիջոցներին կարևոր ձեռք բերում է Պուտինի համար, բայց ռուսական ազդեցության գահավիժումը տարածաշրջանում նույնպես փաստ է: Հակառուսականության վերելքը, Հայաստանի հեռանալը ՀԱՊԿ-ից, իրադարձություննեևը Վրաստանում, Թուրքիայի երկդիմի քաղաքականությունն ու Ալիևի խրոխտ կեցվածքն ու Արևմուտքի հետ համագործակցության ծավալումը դրա ապացույցն են: Այնպես որ, ինչ ցանես այն էլ կհնձես ասացվածքը շատ տեղին է այս կապակցությամբ: Կոշտ հարվածներով պատերազմի կանխումը և Արցախի ամբողջականության պահպանումը առաջին հերթին ռուսական և իրանական օգուտն էր: Հանդիսատեսի դերը և կեղծ խաղաղասիրական կեցվածքը բումերանգի ազդեցությունն է ունենում Մոսկվայի և Թեհրանի համար: Ափսոս, որ սխալվեցին: Մեծ պետությունների սխալներն էլ իրենց չափերին համապատասխան մեծ են լինում: