ԱԺ-ում Կառավարության ծրագրին հավանության տալու հարցի քննարկմանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա հայտարարության մասին, որ կրթական համակարգում «ընտանեկան կապալ» գոյություն ունի:
«Կապալ, այսինքն՝ երբ ազգությանը բերում դարձնում են ուսուցչանոցի տնվորներ: Բացի այդ, պետական համակարգը, նաև ՏԻՄ-ն ամբողջությամբ գերծանրաբեռնված է օրվա քաղաքական ուժի ղեկավարության ազգուտակով, բարեկամներով, երեխեքով: Իհարկե, երեխան մեղավոր չի, որ քաղաքական ուժի ղեկավարի երեխա է, բայց ՀՀ-ում այնպես է ստացվում, որ այդ բոլոր ոլորտներում գենետիկորեն այդ ղեկավարության ազգուտակն են, զոքանչ-քենիներն են, փեսաները, և այն: Դուք պատրա՞ստ եք անդրադառնալ դրան»,- հարցրեց նա:
Վարչապետը նշեց, թե իր խոսքը ուսումնական հաստատությունների մասին, կարծես, ճիշտ չի ընկալվել և սեփական օրինակը բերեց, որ իր մայրը և տատը նույնպես ուսուցիչ են եղել: «Չեմ բացառում, որ ընտանիքում կարող էր հաջորդ սերունդ լինել, ավելին՝ մեր տանը նույնն էր, իմ տատն ու մայրը ուսուցիչ են եղել: Խոսքը նրա մասին է, որ եթե մայր ու աղջիկ ժառանգաբար տնօրեն են դառնում, օբյեկտի՞վ է, թե՞ չէ: Չեմ բացառում, որ կարող է ևս տնօրեն դառնալ, եթե արժանի է»,- ասաց նա:
Հարցին՝ ընտանիքների բարեկամները կարո՞ղ են աշխատել, թե՞ չեն կարող, վարչապետը հարցին հարցով պատասխանեց, թե հիմա իր ընտանիքի երեխաները մի տեղ կարող են աշխատել, թե չեն կարող: «Խնդիրն այն է՝ արժանի՞ են, թե՞ ոչ»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանը նշեց, թե ինքը չի բացառում, որ երբևիցե պաշտոնի կնշանակի իր բարեկամին, բայց շեշտեց՝ առ այսօր չկա մի բարեկամ, որ նշանակել է: «Եթե իմ գործընկներին էլ, ում ճանաչում եմ, բարեկամ եք համարում, որոնց նշանակել եմ, ապա այո՛, ես նշանակում եմ այն մարդկանց, ում վրա վստահ եմ: Եթե գիտեք մի բարեկամ, որ նշանակել եմ՝ հուշեք, բայց չեմ բացառում, վաղը մյուս օր կնշանակեմ, եթե արժանի է»,- ասաց նա: