Երբ հայելային կարգով հետքաշում տեղի ունենա, այն հատվածը, որի մասին նշում են, նշանակում է, որ ՀՀ մի շարք բնակավայրեր պետք է հայաթափվեն, որովհետեւ դրանք գտնվում են սահմանագծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, ՁՎՊ-ի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Եթե դիտարկենք Սյունիքի գյուղերը՝ Տեղ գյուղի, Արավուսի, Խոզնավարի, Խնածախի, Գեղարքունիքի մարզի ուղղությամբ՝ Ազատ գյուղը, Սոթքը, Կութը եւ այլն: Այսինքն՝ շարքը բավականին մեծ է, եւ հայելային հետքաշումը ենթադրում է, որ այդ տարածքները, որտեղ մարդիկ են ապրում, վերածվելու է բուֆերային գոտու, որտեղ մարդիկ չեն կարող ապրել»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցույց է տվել, որ որեւէ պայմանավորվածություն չի կատարում, երբ դա չի բխում իր շահերից. «Այսինքն՝ որեւէ մեկը չի կարող Հայաստանին տալ երաշխիք, որ հայկական զորքերի հետքաշումը որոշ ժամանակ անց չի բերելու ադրբեջանական զորքերի ներխուժմանը եւ Հայաստանի տարածքների նկատմամբ նոր օկուպացիայի ապահովմանը: Տրամաբանություն չեմ տեսնում, հայկական շահը՝ նույնպես: Դա դառնալու է Հայաստանի նոր տարածքային կորուստ»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեվանգման գործին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց.
«Այն, ինչ հիմքով տիկին Գայանեն այսօր գտնվում է ՁՎՊ-ում, եւ ինչ հիմքով նրան երեկ ձերբակալել են, չի կարող ունենալ ուժեղ հիմքեր: Այս առերեսումից խուսափելն ինքին ցույց է տալիս, որ նրանք առհասարակ խուսափում են, որովհետեւ առերեսման հանգամանքը եւս մեկ անգամ ցույց էր տալու, որ իրականում Հայաստանում արդարադատություն գոյություն չունի, եւ մարդիկ ազատությունից զրկվում են, որոշները կալանքի են գնում ոչ նրա համար, որ օրենք են խախտել, այլ իրականության մեջ իշխանության համար են խնդիր ներկայացնում: Իշխանության համար խնդիր են ներկայացնում այն մարդիկ, որոնք պայքարում են: Եվ ինչ կա այս իշխանությունների վերաբերյալ հրապարակային ասում են, նաեւ հայտարարում, որ պայքարելու են այս իշխանության դեմ: Իշխանությունը փորձելու է թիրախավորել, ճնշել եւ խաղից հանել անձանց, որոնք պայքարելու են իշխանությանը հանրության առաջ ներկայացնելու բոլոր այն դավաճանությունները»: