- Պարո՛ն Ծառուկյան, Հայաստանը լարված բանակցային գործընթացի մեջ է Ադրբեջանի հետ: Ինչպե՞ս եք տեսնում այսօրվա բանակցային գործընթացի հեռանկարը, որը զարգանում է միանգամից մի քանի ուղղություններով՝ ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, Քիշնև․․․
- Հայաստանը միշտ էլ խաղաղ բանակցային գործընթացի կողմնակից է եղել, և Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը խաթարել է ոչ միայն խաղաղությունը ողջ տարածաշրջանում, այլև բանակցային բոլոր ձևաչափերը, որոնք գոյություն ունեին պատերազմից առաջ: Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով, և այսօր միակ փաստաթուղթը, որը փխրուն խաղաղություն է ապահովում Ղարաբաղի շուրջ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, որը ստորագրվել է Ռուսաստանի հովանու ներքո։
Այդ փաստաթուղթը, ինչպես նաև 2021 թվականի հունվարին երկրների ղեկավարների արած հայտարարությունները, ճանապարհային քարտեզի առայժմ ամենահստակ, ապաէսկալացիայի տանող քայլերն են։ Իհարկե, այդ կետերի վրա կարելի է և պետք է դեռ երկար աշխատել, գտնել առավել օպտիմալ և ընդունելի լուծումները։ Իսկ ահա այդ կարևոր քայլերը շրջանցելու փորձերը, նոր, տարբեր հարթակների ձևավորումը հսկայական ռիսկեր են պարունակում։