Դինքի սպանության գործով կասկածյալներից մեկը նոր պաշտոնի է նշանակվել
26.10.16 | 11:37
Թուրքիայի հետախուզության գլխավոր շտաբի ղեկավար, Տրապիզոնի հետախուզական շտաբի նախկին պետ Էնգին Դինչը, որը պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով գլխավոր կասկածյալներից մեկն է համարվում, այժմ էլ նշանակվել է որպես Էսքիշեհիրի նահանգի գլխավոր ոստիկանապետ: Այս մասին գրում է թուրքական haber.sol.org.tr կայքը:
Դինքի գործով գլխավոր կասկածյալներից մեկը համարվող Դինչի համար Դինքի ընտանիքի փաստաբանը պահանջել էր 26 տարվա ազատազրկում: Դինքի սպանության գործով մշտապես հետաձգվող դատավարություններն ու Էնգին Դինչի նոր պաշտոնը խիստ վրդովվեցրել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում միաժամանակ փոխվել են 59 նահանգների ոստիկանապետերը, այդ թվում և Էսքիշեհիրի նահանգում:
Էնգին Դինչը մեղադրվում է, Դինքի սպանության վերաբերյալ տեղեկություններին տիրապետելով հանդերձ, սպանությունը չկանխելու համար:
Նշենք, որ իր հարցաքննության ժամանակ Էնգին Դինչը հայտնել է, որ Տրապիզոնի հետախուզության շտաբի պետի պաշտոնից ազատվել է Դինքի սպանությունից 6 ամիս առաջ, և խոստովանել է, որ պաշտոնին գտնվելու ընթացքում աշխատել է սպանությունը կանխարգելող միջոցառումների խափանման ուղղությամբ:
Նրա խոսքով՝ Դինքի մահվան մասին նա իմացել է հեռուստատեսությունից և շատ է ցավում պատահածի համար:
«Հրանտ Դինքի դեպքն իսկապես շատ տխրեցնող է: Ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել փաստաբաններին և Դինքի ընտանիքին»,- ասել է Դինչը:
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: