ԱՄՆ-ն չի կարող մրցել Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության, այդ թվում՝ էներգետիկայի ապահովման հարցում. Պեսկով
26.09.23 | 16:58
Կրեմլում հայտարարել են, որ ԱՄՆ-ն չի կարող մրցակցել Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության, այդ թվում՝ էներգետիկ և տնտեսական անվտանգության ապահովման հարցում։
«Եթե խոսում են էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա դժվար թե ինչ-որ բան համադրվի ինտեգրման այն խորության հետ, որը կա ռուսական տնտեսության հետ։ Դժվար թե դա կրկին համեմատվի Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, որում նա հավաստիացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ցանկանում է զարգացնել համագործակցությունը անվտանգության և էներգետիկայի ոլորտում:
Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տարբեր բնական պաշարներ է մատակարարում արտոնյալ գներով։
«Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնությունը շատ նշանակալի ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և կշարունակի անել»,- նշել է Պեսկովը։
«Հետևաբար, դժվար թե հնարավոր լինի մեր փոխգործակցության մակարդակը և մեր ներգրավվածությունն այս փոխգործակցության մեջ համեմատել ամերիկացիների ներգրավվածության հետ։ Նույնը կարելի է ասել մեր ներգրավվածության մասին ոչ թե բանավոր միջամտության մեջ՝ օգնելու հանգուցալուծմանը, այլ դե ֆակտո ներգրավվածությանը կարգավորման գործընթացում։ Կրկին այստեղ համեմատություն չկա»,- հավելել է Կրեմլի խոսնակը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացումը երկու պետությունների ինքնիշխան իրավունքն է։
«Ինչ վերաբերում է հրապարակված նամակներին (Բայդենը Փաշինյանին), ապա, իհարկե, դրանք ինքնիշխան երկրներ են։ Միացյալ Նահանգներն ու Հայաստանն ունեն իրենց ուղղությունները, որոնցում զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Մենք զարգանում ենք մեր սեփական ուղղություններով»,- ասել է Պեսկովը։