Տնտեսության ոլորտում Մոսկվայի և Երևանի համագործակցությունը էական ներդրում ունի Հայաստանի զարգացման գործում և համեմատելի չէ Երևանի և Վաշինգտոնի համագործակցության մակարդակի հետ, լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իհարկե, ԱՄՆ-ն և Հայաստանը ինքնիշխան երկրներ են, ունեն իրենց ուղղությունները, որոնցում զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը։ Մենք զարգանում ենք մեր սեփական ուղղություններով»,- ասել է Պեսկովը։
Խոսելով էներգետիկայի և այլ ոլորտների մասին՝ նա նշեց, որ «հազիվ թե ինչ-որ բան համադրելի լինի ինտեգրացիայի այն խորության հետ, որը Հայաստանն ունի ՌԴ տնտեսության հետ»։ «Դժվար թե ինչ-որ բան համեմատվի Հայաստանի տնտեսության անուղղակի սուբսիդավորման հետ։ Չմոռանանք, որ բնական տարբեր պաշարների մատակարարումները բավականին արտոնյալ են, [մի մոռացեք] օգնությունը, որ տալիս է Ռուսաստանը։ Սա շատ նշանակալի ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և կշարունակի անել դա»,- նշել է Պեսկովը։
«Հետևաբար, իհարկե, դժվար թե հնարավոր լինի համեմատել մեր փոխգործակցության մակարդակը, մեր ներգրավվածությունն այս փոխգործակցության մեջ ամերիկացիների ներգրավվածության հետ»,- եզրափակել է նա։