Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերը շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։
Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր։ Մարդկանց կողմից բարձրացված առանձին հարցեր տեղում ստացել են և ստանում են լուծում։ Արձանագրվող խնդիրների հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ կապի մեջ է պետական իրավասու մարմինների հետ։ Հավաքագրված ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է՝ խնդիրների մատնանշմամբ և լուծումների առաջարկներով։ Դրանք հասցեագրվում են պատասխանատու գերատեսչություններին
«Սեպտեմբերի 24-26-ը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները գտնվել են Սյունիքի մարզում՝ Գորիսում և Կոռնիձորում` շուրջօրյա ռեժիմով իրականացնելով մշտադիտարկում և փաստահավաք աշխատանքներ։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, հավաքագրվել են նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Փաստահավաք աշխատանքի արդյունքներն արդեն ամփոփվել են և համապատասխան առաջարկները քննարկվել են պետական իրավասու մարմինների հետ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքնային խմբերը մշտադիտարկում են իրականացնելու հաշվառման ամբողջ գործընթացում՝ շուրջօրյա ռեժիմով։ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և 096 116 100»,- հիշեցրել են ՄԻՊ աշխատակազմից։