Աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանն առաջին անգամ համերգային ծրագրով հանդես եկավ Հայաստանում․ հոկտեմբերի 14-ին և 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անբացատրելի դրական էներգիա էր տիրում։
Ոչ միայն երաժշտական տաղանդով, այլ նաև յուրահատուկ հումորով օժտված երաժիշտը հիշեց ու պատմեց տարբեր հետաքրքիր պատմություններ իր անցած ճանապարհից և ընտանիքից։ Արա Մալիկյանը ծնվել է Բեյրութում, ուսանել է Լոնդոնում, իսկ այժմ բնակվում է Մադրիդում։ Նշեց, որ 55 տարեկան է և 5 տարեկանից երազում էր Հայաստանում հանդես գալ։
«Ես շատ հուզված եմ, շատ ուրախ, որ Երեւանում եմ, եւ այստեղ առաջին անգամ եմ համերգ տալիս։ Եթե մայրս հիմա լսեր, թե ինչպես եմ խոսում հայերեն, ապա երկու ապտակ կտար»,-կատակեց Մալիկյանը՝ հավելելով, որ մայրը հայոց լեզվի ուսուցչուհի է եղել։
Համերգի կազմակերպիչ, TM ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանի և Արա Մալիկյանի որոշմամբ համերգի հասույթը տրամադրվելու Արցախից եկած 5 ընտանիքի։
Արան սկսել է նվագել շատ վաղ տարիքից՝ յոթ տարեկանից։
«Պապս Ուրֆայից էր, ցեղասպանության ժամանակ ողջ ընտանիքը կորցրել է։ Նա կարողացել էր փրկվել, քանի որ մի ծերունի նվիրել է ջութակ, որով խմբում նվագել է ու այդպես կյանքը փրկել։ Բեյրութում իմ հայրն այդ ջութակը տեսել էր ու սիրահարվել։ Ողջ օրը ջութակ էր նվագում ու իր սերը ինձ փորձեց փոխանցել։ Ես էլ այդպես սկսեցի նվագել ջութակ»,-նշեց Արան՝ կատակելով, որ փորձել է սերը ջութակի հանդեպ փոխանցել իր տղային, բայց չի ստացվել։