Իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը. ՄԻՊ-ը շնորհավորել է Հայ մամուլի օրվա առթիվ
16.10.23 | 13:37
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը՝ Հայ մամուլի օրվա առթիվ․
«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի´ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ:
Հայ մամուլի օրը ևս մեկ առիթ է խոսելու Ձեր՝ լրատվական համայնքի բարդ ու պատասխանատու աշխատանքի մասին, ընդգծելու Ձեր աշխատանքի կարևորությունը։ Հայ մամուլի աշխատանքը պետք է լինի ազատ ու պաշտպանված: Մամուլի ազատության երաշխավորման ուղղությամբ կարևոր է այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք կապահովեն բնականոն լրատվական գործունեության համար լիովին բարենպաստ միջավայրի առկայությունը և լրագրողների անվտանգությունը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ իմ մանդատի շրջանակում պատրաստ եմ անել առավելագույնը՝ պաշտպանելու համար Ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքը։ Կարևորում եմ նաև Պաշտպանի աշխատակազմի և լրատվամիջոցների միջև համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ հաջողություն ձեր աշխատանքում, ազատություն ձեր գործունեության մեջ և ձեր կարևոր առաքելության արժանի իրականացում», - նշված է ուղերձում։