Թուրքիայում ձերբակալվել է «Հրանտ Դինքի ընկերներ» նախաձեռնության անդամ Այդըն Էնգինը
31.10.16 | 22:02
Այսօր թուրքական «Ջումհուրիյեթ» ընդդիմադիր թերթի խմբագրակազմի դեմ իրականացված ոստիկանական գործողության ընթացքում ձերբակալվել է նաև «Հրանտ Դինքի ընկերներ» նախաձեռնության անդամ, գրող- հրապարակախոս Այդըն Էնգինը: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ձերբակալվածներին արգելվել է օգտվել փաստաբան ունենալու իրավունքից:
Այդըն Էնգինը, որը եղել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի մտերիմ ընկերներից մեկը, ակտիվորեն հետևում է Դինքի գործով դատավարության ընթացքին:
Դինքի սպանության վերաբերյալ իր ելույթներից մեկում Էնգինն այսպես էր արտահայտվել Դինքի մասին. «Նախանձից կմեռնեմ, ինձանից լավ էր թուրքերեն խոսում Հրանտը: Նա այն միակ մտավորականն էր, որ իր մահով իր շուրջ միավորեց այս երկրի բոլոր գույները, բոլոր ազգությունների, կրոնների ու սոցիալական խմբերի մարդկանց, մինչ Հրանտը՝ դա ոչ ոքի չէր հաջողվել»:
Ուսումնասիրվում է նրա` «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման և հուլիսի 15-ի հեղաշրջման գլխավոր կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ հնարավոր կապը:
Հիշեցնենք, որ այս առավոտ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:
«Ջումհուրիյեթ» թերթը դեռևս անցյալ տարվա մայիս ամսին էր հայտնվել իշխանությունների և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուշադրության կենտրոնում: Թերթը հրապարակել էր աղմկահարույց լուսանկարներ, որոնցում երևում էր, թե ինչպես է թուրքական կողմը ՄՃՓ («Միջազգային ճանապարհային փոխադրումներ») միջազգային բեռնափոխադրման մասին մաքսային կոնվենցիայի շրջանակում Սիրիա փոխադրվող բեռների հետ նաև զենք-զինամթերք տեղափոխում: «Ահա այն զենքերը, որոնց մասին Էրդողանն ասում էր, թե չկան» վերնագրով հոդվածում «Ջումհուրիյեթի» թղթակիցը պնդել էր, որ բեռնատարը պատկանել է Թուրքիայի ազգային հետախուզության կոմիտեին:
Այդ ժամանակ լուրը հերքած նախագահը սպառնացել էր թերթին և հայտարարել, թե «այդ լուրն անողը պատասխան կտա»: