ԱՄՆ Պետդեպարտամենտը, հետևելով Սպիտակ տանը, հանդես է եկել պնդմամբ, որ ամերիկյան իշխանությունները Ռուսաստանին նախապես տեղեկատվություն են տրամադրել պատրաստվող ահաբեկչության մասին։
«Այս ամսվա սկզբին ԱՄՆ կառավարությունը տեղեկություն ուներ Մոսկվայում ծրագրվող ահաբեկչության մասին, որը կարող էր թիրախավորել մարդկանց մեծ հավաքույթները, այդ թվում՝ համերգների ժամանակ, և Պետդեպարտամենտը հրապարակային նախազգուշացում արեց Ռուսաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին: ԱՄՆ կառավարությունն այս տեղեկատվությունը հայտնել է Ռուսաստանի իշխանություններին՝ համաձայն պարտադիր նախազգուշացման իր վաղեմի քաղաքականության», - ՏԱՍՍ-ին ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Ուրբաթ օրը նման հայտարարությամբ էր հանդես եկել Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ադրիեն Ուոթսոնը։ Նրա հայտարարության հետ կապված՝ ռուսական հետախուզական ծառայության աղբյուրը ՏԱՍՍ-ին հաստատել է, որ «նման տեղեկատվություն իրականում հասել է»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «այն պարունակում էր ընդհանուր բնույթ՝ առանց որևէ հստակեցման»։