Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
15.04.24 | 16:53
Արցախի սիրելի՛ երիտասարդներ, սիրով տեղեկացնում ենք, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լիաննա Մանուկյանը։
Ֆորումը տեղի կունենա մայիսի 10-12-ը՝ Ծաղկաձորում: Մասնակցության հայտերը կարող են ներկայացնել Երևանում և մարզերում բնակվող 18-ից 30 տարեկան արցախցի երիտասարդները։
Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն դասախոսություններ, վերլուծական աշխատանքներ, բանավեճեր, SWOT հոգեբանական թեստեր, ժամանցային խաղեր, մրցույթներ: Նախատեսված են նաև հանդիպումներ հանրային դեմքերի, արվեստի և մշակույթի հայտնի գործիչների հետ:
Դասախոսություններով հանդես կգան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ քաղաքական վերլուծաբաններ, մեդիափորձագետներ, իրավաբաններ, կրթական ոլորտի մասնագետներ, եկեղեցականներ, հոգեբաններ, մշակութային գործիչներ, մարզաշխարհի հայտնի դեմքեր։ Մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու նաև շոու բիզնեսի ներկայացուցիչների և սիրված բլոգերների հետ:
Ծրագրի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին, նպաստել նրանց զբաղվածությանն ու կրթական աստիճանի բարձրացմանը, փորձի ձեռքբերմանն ու փոխանակմանը։ Հայտերը ներկայացնել՝ անցնելով հետևյալ
հղումով։