Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
03.05.24 | 11:22
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի հետ, հայտնում են ԱԺ-ից:
Մայքլ Քարփենթերը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը ու ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը` հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա:
Հայ պատգամավորները կարեւորել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը` ողջունելով ԱՄՆ-ի եւ Եվրոպական Միության ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդման ու տնտեսական դիվերսիկացիայի հարցում:
Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարեւոր բաղկացուցիչ` նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու բարգավաճմանը:
Մայքլ Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերը` արձանագրելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է` իր ժողովրդավարական զարգացման եւ ինքնիշխանության ամրապնդման գործում: