Արգենտինան տեսնում է Հայաստանի ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին
13.05.24 | 16:56
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:
«Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի և Արգենտինայի միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր երկրների միջեւ ձեւավորված է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ, և Հայաստանը հետաքրքրված է Արգենտինայի հետ հարաբերությունների խորացմամբ բոլոր ուղղություններով»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը փաստել է երկու երկրների միջեւ վաղեմի բարեկամական հարաբերությունների մասին` կարեւորելով Արգենտինայի հայ համայնքի դերն Արգենտինայի Հանրապետության մշակութային և հասարակական կյանքում:
Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին` զրուցակիցները կարեւորել են բարեկամական խմբերի և երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում:
Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար և ապավինում է միջազգային բոլոր գործընկերների աջակցությանն այս հարցում:
«Արգենտինան տեսնում է Հայաստանի Հանրապետության ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում: Մենք վստահաբար աջակցում ենք այս գործընթացին և հուսով ենք, որ այն շուտով կիրագործվի»,- նշել է դեսպանը: