Երեկվա իրադարձություններին հետևելով, փաստենք, որ տրվել էր խաղաղ ցուցարարների, լրագրողների վրա լուսաձայնային և հնարավոր է՝ բեկորային նռնակներ նետելու, այսպիսով՝ արյուն թափելու հրաման։ Ըստ երևույթին՝ նպատակը երկուսն էր՝ ապահովել Փաշինյանի ու ՔՊ-ական պատգամավորների ելքը ԱԺ շենքից և երկրորդ՝ արյուն թափելով վախեցնել քաղաքացիներին, որ մի կողմ փախչեն, տուն գնան ու այլևս չմիանան Շարժմանը։
Տեսանք, սակայն, որ թեև կարողացան առաջին նպատակն իրականացնել՝ փախչել ԱԺ-ից, սակայն Շարժումը տապալել չկարողացան․ հակառակը՝ մարդիկ շատացան Բաղրամյան փողոցում, անգամ հիվանդանոցից դուրս գալուց հետո վիրակապերով շտապում էին փողոց, հետո մասնակցեցին ուշ երեկոյան բազմահազարանոց երթին՝ դեպի կառավարության շենք։
Այսինքն, արյուն թափելով տապալված շարժում ստանալու փորձը տապալվեց։
Մեկ այլ՝ վերոնշյալ պնդումս ապացուցող գործընթաց էլ տեսանք այսօր առավոտյան՝ կառավարության տապալված նիստ։ Երբեմն կառավարության նիստերը հետաձգվել են, օր ու ժամ է տեղափոխվել, սակայն այդ մասին մեկ օր առաջ կառավարությունը տեղեկացրել է մամուլին․ այս անգամ նման իրազեկում չեղավ։ Երբ սրբազանը հայտարարեց, որ առավոտ գնալու են կառավարության շենք ու երբ արդեն կառավարության շենքի մոտ էին, մամուլին իրազեկվեց, որ նիստը այդ օրը չի կայանա, այլ՝ մեկ օր անց ու անգամ ժամը չի նշված։ Սա նշանակում է՝ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում կազմել իր օրակարգը։
Նրա իշխանության տապալման, իշխանափոխության հետհաշվարկը տրված է։
Սպասենք ու տեսնենք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները, սակայն ինչ այս պահին նկատելի է, հուշում է հենց այդ մասին։