Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները. Զարուհի Փոստանջյան
05.05.16 | 12:31
Մինչ կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ներկայացնում էր «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը, Զարուհի Փոստանջյանը եկել էր կառավարություն և մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Արցախի Հանրապետության ճանաչմամբ մենք աշխարհում դառնում ենք քաղաքական գործոն, իսկ քաղաքական գործոնի հետ արդեն և՛ բանակցում են, և՛ քաղաքական գործոնն ուժային դիրքերից է հանդես գալիս, մինչդեռ այս պարագայում մենք բավական թույլ իրավիճակում ենք»:
Անդրադառնալով հարցի վերաբերյալ խորհրդարանի վերաբերմունքին, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ժամանակի ընթացքում խորհրդարանը ցույց կտա իր վերաբերմունքը»:
Պատգամավորի խոսքով՝ Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները:
«Տեսեք, տեղի ունեցավ ագրեսիա, ագրեսիան համապատասխան ձևով չդատապարտվեց, և մենք պարտավոր ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը, այլընտրանք չունենք»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:
Դիտարկմանը, թե արդյոք սա բանակցությունների ավարտ չէ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե ագրեսիա է կիրառվում, եթե մարդկության դեմ տեղի են ունենում հանցագործություններ, ապա խոսել բանակցություններից, ուղղակի ծաղր է ողջ մարդկության նկատմամբ»: