ՄԻՊ-ը Բեռլինում ԶՈւ օմբուդսմանական հաստատությունների միջազգային համաժողովին խոսել է անհետ կորածների ճակատագրերը պարզելու, գերիների վերադարձի կարևորության մասին
02.10.24 | 11:52
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Բեռլինում մասնակցում է Զինված ուժերի օմբուդսմանական հաստատությունների՝ «Օմբուդսմանական հաստատությունները և զինծառայողների ընտանիքներին աջակցելու պարտավորությունները» խորագրով 16-րդ միջազգային համաժողովին։
Միջոցառման նպատակն է վեր հանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները, խթանել լավագույն փորձի փոխանակումը, ինչպես նաև ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հաստատությունների դերը զինծառայողների ընտանիքներին աջակցելու հարցերում:
Անահիտ Մանասյանը որպես մոդերատոր է հանդես եկել համաժողովի շրջանակում կազմակերպված` զինծառայողների ընտանիքների անդամների աջակցությանն ու խնամքին վերաբերող նիստի շրջանակներում:
Այդ համատեքստում Պաշտպանը ներկայացրել է իր գործունեության կարևոր ուղղությունները, այդ թվում՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի առկա մարտահրավերները, անդրադարձել զինծառայողների ընտանիքների աջակցությանն ուղղված աշխատանքներին, այդ հարցում օմբուդսմանական հաստատությունների դերին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է զինված հակամարտությունների ազդեցությունը կրած ընտանիքների իրավունքների ապահովմանն ուղղված ջանքներին, խոսել ՀՀ ՄԻՊ հաստատության գործունեության մասին: Անահիտ Մանասյանն իր խոսքում հատուկ ընդգծել է գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելուն միտված աշխատանքների շարունակականության, գերության մեջ հայտնված անձանց իրավունքների պաշտպանության, նրանց վերադարձի ապահովման կարևորությունը՝ այս հարցերում շեշտելով մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների դերը: