Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք և կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն․ ԱՆ
14.10.24 | 15:54
Երկու տարին մեկ հոկտեմբերին նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ:
Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք և կարող է ստանալ պալիատիվ բժշկական օգնություն:
Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով` շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով:
Առողջապահության նախարարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում բարձրակարգ պալիատիվ բժշկական օգնության ծառայություն մատուցումը և նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները միտված են նաև պալիատիվ բժշկության հետ կապված խնդիրների լուծմանը:
Ներկայումս Հայաստանում լիցենզավորվել է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 36 բժշկական հաստատություն, որոնցից 15 բժշկական հաստատություններում պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են պետական պատվերի շրջանակներում (Երևանում և հանրապետության տարբեր մարզերում):
ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ում գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան բաժանմունք:
ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ում 2021 թվականից գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկան:
Բաժանմունքը նախատեսված է 5 մահճակալի համար:
Մանկական հիվանդանոցային պալիատիվ ծառայություն գործում է նաև «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում: