Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի անդամներ Թամազ Մեչիաուրիի, Նոդար Էբանոիձեի, Պաատա Բարատաշվիլիի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության ներկայացուցիչ Ինգա Սինջիկաշվիլիի հետ, ովքեր Հայաստանում են՝ մասնակցելու Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովների տարածաշրջանային երկրորդ հանդիպման աշխատանքներին, որի կազմակերպիչը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցությունն է /GIZ /:
Ողջունելով վրացի գործընկերների այցը Հայաստան՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ համագործակցությունը, առանձնապես կարեւորել միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության 2014 թվականին Վրաստան կատարած այցին եւ կարեւորել պայմանավորվածություններն ու քննարկված հարցերի լայն շրջանակը, որոնցից մեկն էլ, ԱԺ փոխնախագահի խոսքով, այս քննարկումն է: Խոսելով ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ՝ Հերմինե Նաղդալյանը վրացի գործընկերներին տեղեկացրել է, որ հանձնաժողովը նախաձեռնել եւ մշակել է բազմաթիվ կարեւոր օրինագծեր, որոնցից մեկը վերաբերում է ծրագրային բյուջետավորմանը, ինչն այսօր Հայաստանում բավականին հաջողված գործընթաց է: Տիկին Նաղդալյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում արդյունավետորեն գործում է նորաստեղծ Բյուջետային գրասենյակը եւ ակնկալվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանը կունենա բացառապես ծրագրավորված բյուջեներ: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպման մասնակիցներին արդյունավետ աշխատանք է մաղթել:
Վրաստանի Հանրապետության խորհրդարանի բյուջետային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նախագահ Թամազ Մեչիաուրին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փորձի փոխանակման տեսանկյունից կարեւորել է հանձնաժողովների համատեղ քննարկումների անցկացումն ու համագործակցության ընդլայնումը: Թամազ Մեչիաուրին տեղեկացրել է, որ այժմ Վրաստանում գործում են աուդիտի կոմիտեներ, սակայն նպատակ կա առաջիկայում ունենալ աուդիտով զբաղվող առանձին մարմին: