Ֆանսահայ հայտնի կոմպոզիտոր Կարպիս Ապրիկյանը մահացել է
18.10.24 | 13:05
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր Կարպիս Ապրիկյանի մահվան մասին։
«Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խորը ցավով տեղեկացավ ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր, երաժշտագետ, «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հիմնադիր և երկարամյա ղեկավար Կարպիս Ապրիկյանի մահվան մասին։
Անգնահատելի է մեծանուն կոմպոզիտորի դերը Ֆրանսիայում և նրա սահմաններից դուրս հայկական մշակույթի տարածման գործում։ Իր հիմնադրած «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հետ Կարպիս Ապրիկյանն ավելի քան 50 տարի աշխարհի տարբեր երկրներում ներկայացրել է հայկական երգն ու երաժշտությունը։ Առանձնահատուկ հիշատակության արժանի է նրա կողմից ամբողջականացված «Սասունցի Դավիթի ծնունդը» օրատորիան՝ Բարսեղ Կանաչյանի էսքիզների հիման վրա։
Մեր անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Կարպիս Ապրիկյանի ընտանիքին, նրա հարազատներին և բազմաթիվ սաներին։ Կարպիս Ապրիկյանի ոգին ու ինքնատիպ արվեստը շարունակելու են ապրել նրա ստեղծագործություններում։
Ծանոթություն․ Կարպիս Ապրիկյանը ծնվել է 1926թ․, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ 1948թ․ այնտեղ հիմնել է «Համազգային» երգչախումբը, որի հետ Եգիպտոսում հանդես է եկել բազմաթիվ համերգներով։ 1953թ․ տեղափոխվել է Փարիզ, իսկ կարճ ժամանակ անց հիմնել և սկսել է ղեկավարել «Սիփան-Կոմիտաս» երգչախումբը՝ մեծ հաջողությամբ հանդես գալով միջազգային բազմաթիվ հեղինակավոր բեմերում։
Հայկական երաշտության տարածման գործում ունեցած մեծ ավանդի, հայկական մշակույթի, արվեստի և կրթության բնագավառներում բացառիկ նվաճումների համար Կարպիս Ապրիկյանը 2009թ․ արժանացել է Հայաստանի պետական պարգևի՝ «Մովսես Խորենացի» մեդալի, իսկ 2021թ․՝ Ֆրանսիայի Մշակույթի նախարարության կողմից նրան շնորհվել է «Արվեստի և գրականության կոմանդորի» («Commandeur de l’Ordre des Arts et des Lettres») պետական շքանշան։ 2024թ․ սեպտեմբերի 29-ին Կարպիս Ապրիկյանը Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի կողմից պարգևատրվել է նաև Փարիզ քաղաքի բարձրագույն պարգևով՝ Փարիզի Մեծ մեդալով (Médaille Grand Vermeil de Paris)»։