ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր.Ուիլյամ Լահյու
14.11.16 | 13:24
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի գործընկերություն ասելով հասկանում ենք, որ քննարկվում են հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում. լրագրողների հետ զրույցում Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկին նվիրված ասուլիսին ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն:
«ՆԱՏՕ-ի հետ գործընկերների համագործակցությունները կամավոր բնույթ են կրում»,- ասաց Ուիլյամ Լահյուն՝ մատնանշելով, որ Հայաստանը ևս Դաշինքի հետ նման հարաբերությունների մեջ է:
Նա նշեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում նաև միմյանց հետաքրքրող տեղեկություններ են հաղորդվում. «Օրինակ՝ վերցնենք Սիրիան. Հայաստանի հետ քննարկումներ ունեցանք Սիրիային վերաբերող հարցերի շուրջ։ Հայաստանը, փոքր երկիր լինելով, քսան հազար փախստական է տեղավորել»:
Ուիլյամ Լահյուն նաև նշեց, որ Հայաստանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։ «ՆԱՏՕ-ն հասկանում է նմանօրինակ խնդիրների թողած լուրջ ազդեցությունը Հայաստանի վրա»,- ասաց նա:
Եզրափակելով իր խոսքը՝ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարը ասաց, որ ՆԱՏՕ-ի hետ Հայաստանի հարաբերություններն ուժեղ են և դեռ ամրանալու են, քանի որ հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա և ներդրում են ունենում Հայաստանի անվտանգության ասպարեզում: