Ամբողջ բանակցային գործընթացը՝ մինչև 1999 թվականը, հետևյալ բովանդակությունն ուներ. համանախագահները չէին կարողանում տարածքային ամբողջականության սկզբունքից դուրս գալ։ Փորձում էին ինքնորոշման իրավունքն ամուսնացնել տարածքային ամբողջականության հետ, լրագրողների հետ հանդիպմանը խոսելով տարածված «Մեղրին՝ Արցախի դիմաց» թեզի մասին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ընդհանուր պետության առաջարկը հետևյալն էր՝ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը համատեղ պետություն են ստեղծում՝ որոշակի ասիմետրիկ կոնֆեդերացիայի ձևով։ Բայց միշտ փորձը եղել է ամուսնացնել այս երկու սկզբունքը։ Եվ հանկարծ Վաշինգտոնում Ալիևն ինձ ասաց, թե եկեք իրարից անջատվենք։ Այդ առաջարկի մեջ ես տեսել եմ այդ մասը, որը հնարավորություն էր տալիս ջարդել կարծրատիպը։ Մտածում էի՝ եթե Ալիևն այդ հարցը բարձրացնի համանախագահողների առջև, ուրեմն մենք այս կաղապարված վիճակից դուրս ենք գալու։ Մենք բանակցում էին, ինքը դա էր ասում, ես ասում էի, որ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը։ Գործընթացը շահավետ էր մեզ համար, բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այս քննարկումները հնարավորություն են ունենալու բերել մեզ համար ընդունելի տարբերակի»,-ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե, ըստ դրա, այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար այդ մոտիվացիան, որովհետև ինքը ստանալու բան ուներ։
Քոչարյանն ասաց, թե կոնկրետ առաջարկներ չեն եղել, որ իրենք էլ ասեն, թե ընդունում, կամ՝ չեն ընդունում։
«Երկու տարի տևած այդ ամբողջ գործընթացում Մինսկի խմբի կողմից արված միակ առաջարկը եղել է Քի Վեստում։ Ուրիշ գրավոր առաջարկ չի եղել»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
«Այս թեման հիմա տաքացել է, որովհետև կա միջանցքի հարց, ճանապարհի հարց, և այսօր Հայաստանի իշխանությունը մի ցանկություն ունի՝ անել այդ զիջումը և հայտարարել՝ վայ, ես ինչ կապ ունեմ, եթե այն ժամանակ դա քննարկված չլիներ, այս թեման ընդհանրապես գոյություն չէր ունենա»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։