Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի են ունեցել երկու հզոր երկրաշարժեր՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով Մյանմայում գրանցվել է 1002 զոհ, ավելի քան 2376 մարդ վիրավորվել է։ Տարածաշրջանում շարունակվում են փրկարարական աշխատանքները, իսկ զոհերի և տուժածների թիվը, ըստ տեղական իշխանությունների, դեռևս աճի միտում ունի։ Ըստ սեյսմիկ ռիսկի համաշխարհային քարտեզի՝ Մյանման դասվում է կարմիր գոտու մեջ՝ միջինից բարձր սեյսմիկ ակտիվության տարածաշրջան։
Մարտի 29-ին հայտնի դարձավ, որ Մյանմայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ։