ԿԲ նախագահը ներկայացրել է ներդրումային ֆոնդերի մասին օրենքի նախագիծը
01.12.16 | 15:43
Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարության նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է ««Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին»փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությանքաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներինախագծերը, որոնք նպատակ են հետապնդում մեծացնել կենսաթոշակային միջոցների կառավարման արդյունավետությունը և բարձրացնել թափանցիկությունը:
ԿԲ ներկայացրած նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները.
- Միջազգային լավագույն փորձի հիման վրա հստակեցվել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից ֆոնդի մասնակիցներին պատճառված վնասների հատուցման գործընթացը և կառավարիչների ֆիդուցիար պարտականությունների շրջանակը:
- Բարձր եկամուտ ստացող անձանց հնարավորություն է տրվում կամավորության սկզբունքով կատարելու ներկայիս 25000 դրամը սահմանաչափը գերազանցող չափով սոցիալական վճարներ, որպեսզի կենսաթոշակային հաշվին փոխանցվող գումարը կազմի համախառն եկամտի 10 տոկոսը: Անձը կարող է ցանկացած պահի դադարեցնել ավել վճարելը և վերադառնալ 25000 դրամ շեմին: Արդյունքում, բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ձևավորելու իրենց եկամտին համարժեք կենսաթոշակային խնայողություններ:
- Մեղմացվում է մասնավոր բաժնեմասնակցային (private equity) ֆոնդերում ներդրումների սահմանափակումը՝ մինչև ֆոնդի ակտիվների 10 տոկոսը՝ գործող 2 տոկոսի փոխարեն, որի նպատակն է ավելացնել ֆոնդերի եկամտաբերությունը և բարձրացնել տնտեսության համար կենսաթոշակային խնայողությունների հասանելիությունը:
- Մասնակիցները կարող են հեշտացված կարգով՝ ընդամենը իրենց էլեկտրոնային փոստի հասցեն մեկ անգամ տրամադրելով, էլեկտրոնային եղանակով ստանալ իրենց կենսաթոշակային հաշվի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները: Մասնավորապես, մասնակիցը, որը մասնակիցների ռեեստրը վարողին տրված որևէ դիմումով ընտրել է տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակը՝ նշելով իր էլեկտրոնային փոստի հասցեն, այլևս ստիպված չէ լրացուցիչ դիմում ներկայացնել՝ հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու համար: Ներկայումս դրա համար առանձին դիմումի ձև է նախատեսված, որը իրազեկումը դարձնում է ոչ արդյունավետ:
- Հնարավորություն է նախատեսվել արտասահմանից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար, որ նրանք կարողանան իրենց կենսաթոշակային խնայողությունները արտասահմանից փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր ունեն օտարերկրյա պետությունում գործող կենսաթոշակային համակարգում խնայողություններ, հնարավորություն կունենան Հայաստան վերադառնալու դեպքում դրանք փոխանցելու ՀՀ-ում բացված իրենց կենսաթոշակային հաշիվներին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն