Նոր օրենքով Ոստիկանության ակադեմիայում սովորելը գրավիչ կդառնա. փոխոստիկանապետ
08.12.16 | 14:59
ԱԺ-ն քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նշեց, թե նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանության թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտությամբ:
«Ոստիկանության ծառայության մասին» օրենքի ներկայիս կարգավորումների կիրառման ընթացքում որոշակի խոչընդոտներ են առաջանում միջին և կրտսեր խմբերի թափուր հաստիքների համալրման աշխատանքներում»,-ասաց նա:
Վարդան Եղիազարյանը նշեց, որ կտրուկ նվազել է Ոստիկանության ակադեմիայի դիմորդների քանակը: Ընդհանուր առմամբ նվազել է նաև քոլեջի դիմորդների թիվը:
«Առաջարկում ենք, հանել ավագ, գլխավոր և բարձրագույն խմբերի համար նախատեսված ոստիկանական կրթության պարտադիր պահանջը, սահմանել ավագ և գլխավոր խմբերի պաշտոնի նշանակման ընդհանուր կանոնից բացառություն, մասնագիտական հանձնաժողովի երաշխավորությամբ նշանակում։ Խոսքը գնում է ծառայողական գերազանց ցուցանիշներ և անձնական բարձր որակներ ունեցող դեպքերի մասին»,-ասաց նա:
Վարդան Եղիազարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ օրինագծի ընդունելու դեպքում, գրավիչ կդառնա Ոստիկանության ակադեմիայում և քոլեջում սովորելը: