Նախարար Ռոստոմյանի առաջարկով նախարարությունում կկազմակերպվի ընդլայնված քննարկում
12.12.16 | 18:55
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մասնակցել է ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների և պատանիների հավաքականների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների տարեվերջյան լսումներին:
Նախարարը ոչ բավարար է համարել հայ ազատ ոճի ըմբշամարտիկների ձեռքբերումները: «Հնարավոր է՝ այդ ամենը պատճառ է ոչ ճիշտ աշխատանքի կազմակերպման: Անհրաժեշտ է ուսումնասիրել և ճիշտ ծրագրել բոլոր ուսումնամարզական հավաքների անցկացման ժամանակացույցը: Համատեղ աշխատանքը միշտ էլ տալու է իր դրական արդյունքը, և հուսանք, որ ապագայում մեդալներ կունենանք աշխարհի առաջնությունից»,- ասել է նախարարը:
Հաշվետվությամբ հանդես են եկել Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը և երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը: Մարզիչների ներկայացմամբ՝ անցկացվել են ուսումնամարզական հավաքներ, հայ ազատ ոճայինները մասնակցել են Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 2 բրոնզե մեդալ, իսկ պատանիների հավաքականը՝ 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Ցավոք, աշխարհի առաջնությունից հավաքականներից ոչ մեկը մեդալ չի նվաճել:
Հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը ներկայացրել է Եվրոպայի և աշխարհի առաջնություններին մասնակցության մասին և նշել, որ այս տարի միայն աշխարհի առաջնությունում են մրցանակակիրներ ունեցել՝ 2 բրոնզե մեդալ: Պատանիների հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ Եվրոպայի առաջնությունում հունա-հռոմեական պատանի ըմբիշները նվաճել են 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, իսկ աշխարհի առաջնությունում՝ 3 բրոնզե մեդալ:
Նախարար Ռոստոմյանի առաջարկով նախարարությունում կկազմակերպվի ընդլայնված քննարկում՝ ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի բոլոր մարզիչների մասնակցությամբ:
Լսումներին մասնակցել են նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության աշխատակիցները: