Մարզերում արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով հնարավոր է սեղանի խաղողի ցրտահարման խնդիր ունենանք:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը:
Նշենք, որ առաջիկա 5 օրերին, ըստ ԱԻՆ-ի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի ու Շիրակի մարզերում սպասվում է մինչև 25 աստիճան ցուրտ, ինչը նշանակում է, որ պտղատու այգիները ցրտահարության վտանգի տակ են:
«Այս պահի դրությամբ ծիրանենիների, խնձորենիների, տանձենիների ցրտահարության խնդիր չունենք, բայց խաղողների սեղանի սորտերը, որոնք այգեթաղ չեն արվել, արդեն վտանգի առաջ են: Այս պահին չենք կարող ֆիքսել, որ խաղողի այգիները ցրտահարվել են, սակայն սեղանի սորտերի համար բավական վտանգավոր ջերմաստիճան է արձանագրվել: Գրանցվել է բացասական ջերմաստիճան, որը, հատկապես, վտանգավոր է այգեթաղ չկատարած այգիների համար և վտանգավոր ջերմաստիճան է, եթե մի քանի օր տևի, բայց պտղատու ծառերի հետ կապված ջերմաստիճանը կրիտիկականի չի հասել, փորձում ենք հավատալ, որ այլևս չի ցրտահարվելու»,- ասաց փոխնախարարը:
Ըստ Աշոտ Հարությունյանի՝ ցրտահարության հնարավոր արդյունքները կդրսևորվեն գարնանը: «Բայց միևնույն է, կունենանք խնդիր: Որոշ այգիներում, որոնք նորմալ մշակված չեն, ցրտադիմացկունությունը բարձր չէ»,-ասաց նա։
Փոխնախարարի խոսքերով՝ Հայաստանի հյուսիս-արևելքում, Մեղրիի կողմերում այգեթաղ չի արվում, իսկ Արարատյան հարթավայրում, Արագածի նախալեռնային գոտիներում արվում է: «Մենք անընդհատ ժողովրդին հորդորել ենք այգեթաղ անել, քանի որ սպասվում է ցրտահարություն: Հիմա մարդիկ կան, որ ֆինանսական միջոց չեն ունեցել, այգեթաղ չեն արել, մարդիկ էլ կան, գցել են Աստծո հույսին, հիմա մենք ի՞նչ անենք: Որոշ մասն էլ չի մշակել, գումար չի ծախսել, քանի որ չի կարողացել իրացնել խաղողը»,-ասաց նա: