Գյուլենը հերքել է իր առնչությունն Անկարայում ՌԴ դեսպանի սպանությանը
21.12.16 | 12:13
Թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որը Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար, իր խոսնակի միջոցով հերքել է իր առնչությունն Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությանը: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Գյուլենի խոսնակը Թուրքիայի իշխանությունների կողմից հնչող նոր մեղադրանքները որակել է որպես «Թուրքիայի իշխանությունների կողմից անվտանգության և հակաահաբեկչական պայքարի հարցում իրենց թերացումները քողարկելու ծիծաղելի փորձ»:
ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական քարոզչի դեմ նոր մեղադրանքները զավեշտալի է համարել նաև նրա գլխավոր խորհրդականներից Ալփ Ասլանդողանը, որը հայտնել է, որ Ֆեթուլլահ Գյուլենն ինքը խստորեն դատապարտում է տեղի ունեցած հարձակումն ու այն բնութագրում «դավաճանական»:
ՌԴ դեսպանին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշի՝ գյուլենական լինելու մասին վարկածն առաջինն ակտիվորեն շրջանառության մեջ է դրել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: