Վարուժան Բաբաջանյանը առաջադրվելու է. Տավուշում լարված ընտրապայքար է սպասվում
23.12.16 | 21:50
Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ինտրիգը բավականին սրվել է Տավուշի մարզում: Մենք արդեն գրել էինք, որ Տավուշի մարզում ՀՀԿ-ի թեկնածուներն են մարզպետ Հովիկ Աբովյանը, գործարարներ Միքայել Վարդանյանն ու Հակոբ Հակոբյանը: Մարզում, սակայն, քաղաքական քարտեզի լուրջ փոփոխություն է սպասվում:
Մեր տեղեկություններով՝ ռեյտինգային ընտրակարգով այս մարզում պատգամավորության թեկնածություն է առաջադրելու նաև ՛՛Փաստ՛՛ օրաթերթի և մի շարք լրատվական կայքերի հիմնադիր Վարուժան Բաբաջանյանը: Չնայած կայքերից մեկին տված հարցազրույցում Վարուժան Բաբաջանյանը հայտարարել է, որ դեռ առաջադրվելու որոշում չի կայացրել՝ Տավուշի մարզի մեր աղբյուրը պնդում է, որ իր ծննդավայր Նոյեմբերյանում նա արդեն նախընտրական գրասենյակ է բացել: Ավելին, ըստ նույն աղբյուրի, այս օրերին նա մարզից չի բացակայում և տարածքներում կազմակերպչական աշխատանքներով է զբաղված:
Թե որ կուսակցության ռեյտինգային ցուցակներում կընդգրկվի Բաբաջանյանը՝ դեռևս հայտնի չէ, սակայն նրա առաջադրումը լուրջ մարտահրավեր է իշխող կուսակցության համար: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ի հաղթանակն ապահովելու համար ռեյտինգային ցուցակում ընդգրկված մարզպետ Հովիկ Աբովյանը ևս Նոյեմբերյանի տարածաշրջանից է, որտեղ Բաբաջանյանը ևս բարձր հեղինակություն է վայելում և առաջադրվելու դեպքում զգալի ձայներ է ստանալու՝ առավելապես պակասեցնելով ՀՀԿ-ի ձայները:
Այնպես որ, Տավուշի մարզում բավականին հետաքրքիր, լարված պայքար է սպասվում: